Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ՀԷՑ-ը մտադիր է հասնել շանտաժի միջոցով։ ԱԺ-ում ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությամբ քննարկումներից հետո, թյուրիմացորեն թե անհրաժեշտաբար, քաղաքի տարբեր շրջաններում կարճատև հոսանքազրկում է եղել։
Եթե սրան էլ հավելենք, որ վերջերս նորից շրջանառվում են հարկադիր հովհարային անջատումների մասին խոսակցությունները, որոնք ծնունդ են առնում հենց ՀԷՑ-ից, այլ բան չես համարի իրողությունը, եթե ոչ շանտաժ։ 2015-ի հունիսի 2-ին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը եկել էր ԱԺ պատգամավորներին ի՞նչ ասելու` կերած-խմածս ինձ հալալ, հիմա թող ժողովո՞ւրդն իմ կերածի համար «փակվի»։ Եթե ոչ, և ուներ լուրջ հիմնավորում, այդ դեպքում ինչո՞ւ փախավ լրագրողներից։ Գուցե ամո՞թն էր նրան խեղդում։ Դժվար թե։ Երևի սպասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջնական գնահատականին։
Ի դեպ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԷՑ-ի «ջրաղացին ջուր լցրեց», նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, իսկ թե որքան, չասաց։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկել է սակագինը բարձրացնել 17 դրամով, ու եթե Ռոբերտ Նազարյանը չի բացառում սակագնի բարձրացումը, ավելին` հաստատում է այն, գուցե ինչ-որ բա՞ն է ուզում հասկացնել ժողովրդին կամ ՀԷՑ-ի տնօրենությանը։ Համենայն դեպս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պահվածքը ԱԺ-ում, 2014-ի բյուջեի կատարողականի լսումների ժամանակ, անհասկանալի էր։ Նա չկարողացավ պատասխանել, թե ինչպես է Հայաստան ներկրվող 1000 խմ գազի գինը 180 դրամից դարձել 164 դրամ, սակայն ՀԷՑ-ն այս տարբերությունը չի ներկայացրել սակագնի հայտում։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ սակագնի բարձրացման շուրջ ընթանում են ոչ առողջ բանակցություններ, որոնց ավարտին էլ սպասում է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը։
Մեր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները շատ են սիրում Հայաստանը պատեհ-անպատեհ համեմատել զարգացած երկրների հետ, իսկ եթե նույն երկրներում մի այդպիսի Բիբին դղյակներ կառուցեր և աստղաբաշխական թվերով աշխատավարձ ստանար ի հաշիվ ժողովրդի, նրա հետ ոչ թե պառլամենտում պատգամավորները կխոսեին, այլ ցուցմունք կտար համապատասխան վայրում։ Եվ ոչ միայն նա. մի ցուցմունք էլ կգրեր նա, ում հետ «շաշկի էր խաղում»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ